Posted in Հայկական տոներ, Հետաքրքիր..., Հունվարյան ստուգատես, Նախագծեր

Ամանորյա հայկական ավանդական ուտեստները

Դարեր շարունակ հայ ժողովուրդը Նոր տարին նշել է մեծ հանդիսավորությամբ, որն աչքի էր ընկնում ժողովրդական ծեսերի, սովորույթների բազմազանությամբ: Նոր տարին մեզանում տարբերվում է հատկապես սեղանների առատությամբ: Հնում պարտադիր կերակուրներից էին, պասուց տոլման, հարիսան ու անուշապուրը: Ամենատարածված խմորեղենը տարեհացն էր, որը ցորենի ալյուրով և ջրով կամ կաթով հունցված մեծ հաց էր: Այն երեսի կողմից բաժանում էին կամ տարվա ամիսներին կամ ընտանիքի անդամների թվին հավասար: Մեջը դնում էին կոպեկ: ում ընկնում էր կոպեկը, նա բախտավոր էր համարվում: Պատրաստում ենք գաթա և փախլավա, քաղցրավենիքներ առանց որի ամանորի սեղանը հնարավոր չէ պատկերացնել: 

Տոները սովորաբար ուղեկցվում էին առատ ու ճոխ ուտեստների պատրաստմամբ։ Ճոխ հյուրասիրությունը ունենում էր նաև ծիսական խորհուրդ, որտեղ առանցքային դեր էր հատկացվում որոշակի ուտեստներին։ Հայոց ավանդական կենցաղում Ամանորը համընկնում էր Սուրբ Ծննդյան պասի հետ, և այդ իսկ պատճառով ամանորյա ուտեստների շարքում գերակշռում էին պասին հատուկ ուտելիքները։ Պատրաստում էին լոբի, ոսպով քյուֆտա, բլղուրով և բրնձով տոլմա, բլղուրի և սիսեռի խառնուրդից գնդիկներ, ավելուկով աղցան, տարբեր տեսակի հատիկեղեններից պատրաստած առանց մսի տոլմա։ Հատիկեղենի առատ օգտագործումը կյանքի հարատևության խորհրդանիշ էր։

Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին և ընդեղենին։ Դեռ աշնանից սկսում էին կուտակել չորամրգերը, աղանդերն ու պաստեղները (թթու լավաշ): Որոշ շրջաններում ամանորյա սեղանի ուտեստների քանակը հասցնում էին յոթի: Պատրաստում էին բրնձով, ծեծած ցորենով, սիսեռով, լոբով, ոսպով ուտեստներ, չորամրգերով քաղցր ապուրներ, որոնց անվանում էին «Մարիամապուրներ», թխում էին չամիչով և ընկուզեղենով գաթաներ, բանջարեղենային խյուսեր և այլն: Որոշ շրջաններում քաղցրավենիքի սեղանը դրվում էր առանձին․ այդ պղնձե կլոր սեղանն անվանում էին «պրկիշ»: Մրգերի տեսականու հարցում ևս թիվը փորձում էին հասցնել յոթի: Երբեմն պրկիշը դնում էին թոնրի վրա: Երիտասարդները հավաքվում էին դրա շուրջն ու անհամբեր սպասում Տարեհացի կտրելուն:

Անկախ հին և նոր ավանդույթներից, հիշենք, որ Ամանորն ընտանեկան տոն է և շրջապատենք մեր մտերիմներին սիրով, ջերմությամբ և հոգատարությամբ։

Leave a comment