Posted in Հայտնիներ..., Հետաքրքիր..., Uncategorized

Վլադիմիր Վիսոցկու մասին

Vladimir_Vysotsky

Վիսոցկին ծնվել է 1938 թ. հունվարի 25-ին, Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր (որին անվանում էր մորաքույր Ժենյա) հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։

Վիսոցկին միանգամից չէր կողմնորոշվել, որ ցանկանում է դերասան դառնալ։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, սակայն կես տարի սովորելուց հետո թողնում է ուսումը, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։ Այդ որոշումը նա կայացրել է 1995 թվականի դեկտեմբերի 31-ին։

Վիսոցկին իր դասընկեր Իգոր Կոխանովսկու հետ որոշել էր Ամանորի գիշերը շատ յուրօրինակ անցկացնել։ Նրանք ստիպված էին քննության համար գծագրեր նկարել։ Զանգերի ղողանջներից հետո ընկերներն անցնում են աշխատանքի։ Ժամը երկուսին դրանք պատրաստ էին։ Հանկարծ Վիսոցկին վերցնում է ներկերի տուփն ու այն թափում գծագրերի վրա։ «Վերջ: Դեռ կես տարի ժամանակ ունեմ, որպեսզի թատերական ընդունվեմ: Իսկ սա իմը չէ»:

Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Համլետի (Շեքսպիրի “Համլետ”) դերում։ 1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան։ Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։

Վիսոցկու պատանեկությունը կապված է Լևոն Քոչարյանի՝ դերասան Սուրեն Քոչարյանի որդու հետ։ Հենց քոչարյանական «Դնեպր-10»-ով են արվել Վիսոցկու առաջին ձայնագրությունները։

Հեղինակային երգի հանդեպ Վիսոցկու հետաքրքրությունը ծագել է Բուլատ Օկուջավայի արվեստին ծանոթանալուց հետո։ Վիսոցկին Օկուջավային իր ուսուցիչն էր համարում։ Իր առաջին երգերը Վիսոցկին սկսել է գրել 60-ականների սկզբին։ Այդ երգերը «բակային ռոմանտիկայի» ոճում էին։ Մի քանի տարի անց՝ 1965 թվականին, նա գրում է հայտնի «Սուզանավ» երգը։

Մարինա Վլադին Վիսոցկու կյանք մտավ 1967 թվականին։ Վիսոցկին սիրահարվեց նրան “Գուշակը” ֆիլմից հետո։ Նա օրը մի քանի անգամ դիտում էր այդ ֆիլմը, տարիներ շարունակ երազում հանդիպման մասին։ Եվ վերջապես այն կայացավ։ Մարինա Վլադին և Վլադիմիր Վիսկոցին ամուսնանում են։ 1970-ին համերգներ է տվել Հայաստանում:

1977 թ. Տագանկայի թատրոնի “Համլետ”-ը (ռեժ.՝ Յուրի Լյուբիմով, գլխ. դերում՝ Վ. Վիսոցկի) Հարավսլավիայում “ԲԻՏԵՖ” մրցանակի արժանացավ։

1980 թ. հուլիսի 16-ին կայացավ նրա վերջին համերգը։ 1980 թ. հուլիսի 25-ին Վիսոցկին մահացավ Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոցում։

Leave a comment