Posted in Հանրահաշիվ, Մաթեմատիկա, Նախագծեր

Ամենահայտնի բանկային կողոպուտները

1. Իրաքի Կենտրոնական բանկ (2003 թ.)- 920 մլն դոլլար

2003 թվականին Իրաքի Կենտրոնական բանկի կողոպուտն ամենախոշորն է համարվում պատմության ընթացքում երբևէ տեղի ունեցածների մեջ: Գողությունների մի ամբողջական շղթա է իրողություն դարձել, որի արդյունքում գրեթե 1 մլրդ դոլլար է գողացվել: Գողությունների մեկնարկը տրվել է ՝ ԱՄՆ- ի կողմից Իրաքի ռմբակոծումներն սկսելու օրը ՝ մարտի 18- ին:

2. Իրաքի Դար Էս Սալամ բանկ (2007 թ.)- 282 մլն դոլլար

Կողոպուտը տեղի է ունեցել 2007 թվականին: Չնայած որ հանցագործության մանրամասների մեծ մասն այդպես էլ չի բացահայտվել, այդուհանդերձ, Իրաքի ներքին գործերի նախարարության կողմից տեղեկություն տարածվեց, որ գողությունն ամենայն հավանականությամբ կազմակերպվել էր բանկի պահակախմբի 2 աշխատակիցների կողմից: Ոստիկանությունն անգամ կասկածներ է ունեցել, որ Ներքին գործերի նախարարության մեկ աշխատակից ևս գողության մասնակից է եղել, բայց կասկածներն ապացուցելու համար բավարար հիմքեր չեն բացահայտվել: Ընդհանուր գողոնը կազմել է 282 մլն դոլլար, որի մի մասը վերադարձվել է գողությունը կատարած 2 աշխատակիցների ձերբակալումից հետո:

3. Մերձավոր Արևելքի բրիտանական բանկ (1976 թ.)- 210 մլն դոլլար

Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ կապված հանցավոր խումբը մուտք է գործել Կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում էր Բանկի անմիջական հարևանությամբ: Այնուհետև, ընդհանուր պատի պայթեցման ճանապարհով ՝ խումբը կարողացել է ներխուժել Բանկ: Հանցախումբը գողացել է ավելի քան 50 մլն դոլլարին համարժեք ոսկի, գումար և զարդեղեն: Այսօրվա դրությամբ ՝ գողոնը գնահատվում է ավելի քան 3 անգամ ավելին ՝ մոտ 210 մլն դոլլար:

4. Լոնդոնի Նեյթսբրիջ բանկ (1987 թ.)- 97 մլն դոլլար

Գողության կազմակերպիչը իտալացի Վալերիո Վիչին էր, որի նկատմամբ իր հայրենիքում հետախուզություն էր հայտարարված ՝ բանկային 50 կողոպուտ իրականացնելու մեղադրանքով: Վիչին բանկ է մտել աշխատանքային ժամին և հայտնել անձնական պահոց բացելու ցանկության մասին, ապա զենքի սպառնալիքով ստիպել անվտանգության աշխատակիցներին բացել պահոցները: Հայտնի է, որ այնուհետև Վիչին վերադարձել է ընդհանուր սրահ, բանկի դռնից կախել ,,փակ է,, ցուցանակը և հանգիստ ավարտին է հասցրել կողոպուտը: Տարբեր աղբյուրների գնահատմամբ ՝ գողոնի ընդհանոր ծավալը կազմել է 97-111 մլն դոլլար:

5. Բրազիլիայի Բանկո Ցենտրալ (Կենտրոնական բանկ) (2005 թ.)- 69.8 մլն դոլլար

Բրազիլիայի Կենտրոնական բանկի կողոպուտի մեջ մեղավոր ճանաչված հանցախմբի անդամները բանկի մոտակայքում տուն էին վարձել, որտեղ 3 ամիս շարունակ թունել են փորել ՝ ձևացնելով թե այգեգործությամբ են զբաղված: Արդյունքում, փորված թունելի խորությունը հասել է 77 մետրի: 2005 թվականի օգոստոսի 6- ին և 7- ին հանցախմբի անդամները թունելով ներխուժել են բանկի պահոց և գողացել 69.8 մլն դոլլարին համարժեք գումար, որն այդպես էլ հնարավոր չի եղել երբևէ հետ վերադարձնել:

Leave a comment