Posted in Հետաքրքիր..., Նախագծեր, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Իսպաներեն ու Իսպանիա

Ամանորը Արգենտինայում

Արգենտինայում ամանորյա տոները սկսվում են դեկտեմբերի սկզբից: Տոնածառը զարդարում են դեկտեմբերի 8- ին և այդ ժամանակից էլ սկսվում են տոնական ակտիվ պատրաստությունները, որի գագաթնակետը կաթոլիկ այս երկրում Սուրբ Ծնունդն է համարվում:

Ի դեպ, Արգենտինայում ընդունված է տոնածառը համեստ զարդարել, առանց ավելորդությունների և վառ գույների: Հիմնականում երկու գույն է օգտագործվում:

Սուրբ Ծնունդը, որը դիմավորում են դեկտեմբերի 24- ի լույս 25- ի գիշերը, ընդունված է ընտանիքում նշել: Արգենտինացիները սրբորեն հետեւում են ընտանեկան ավանդույթներին, այդ պատճառով Սուրբ Ծննդյան գիշերը սեղանի շուրջ աղմկոտ խումբ է հավաքվում. տատիկները, պապիկները, հորաքույրներն ու մորաքույրները, հորեղբայրներն ու մորեղբայրները, մտերիմ բարեկամները և բոլորը ՝ իրենց երեխաների հետ:

Տոնի պարտադիր հյուրասիրություն է համարվում Pan Dulce քաղցր հացը, բացի այդ, արգենտինացիները հետեւում են ամանորի գիշերը լոբազգիներ ուտելու ավանդույթին, որոնք, ըստ հավատամքի, հաջորդ տարում աշխատանքի մեջ հաջողություն պետք է բերեն: Տոնական ընթրիքին, որպես տաք ուտեստ, ջեռոցում պատրաստված հնդկահավ են մատուցում: Սակայն ժամանակի ընթացքում այն փոխարինվել է ավելի սիրված ազգային կերակուր ասադոյով (տապակած տավարի կամ հորթի միս և այլն): Ուղիղ կեսգիշերին բոլորը շամպայնով բաժակ են բարձրացնում, առողջության, խաղաղության, աշխատանքի մասին կենացներ ասում, որից հետո մոտենում են տոնածառին և ընտրում նախապես եղևնու տակ դրված նվերները:

Արգենտինացիները բազում զվարճալի ավանդույթներ ունեն: Օրինակ ՝ եթե ճամպրուկով շրջեն տան շուրջը, ապա նոր տարում կարելի է բազմաթիվ հաճելի ճամփորդություններ ակնկալել: Բացի այդ, հին ավանդույթի համաձայն, Արգենտինայի բոլոր հաստատությունների ծառայողներն անցնող տարվա վերջին աշխատանքային օրը պատուհանից դուրս են նետում հին օրացույցներն ու ոչ պետքական թղթերը: Այդ օրը Բուենոս Այրեսի փողոցներն արդեն կեսօրին ծածկվում են թղթերի հաստ շերտով: Օրն առանց միջադեպերի նույնպես չի անցնում:

Leave a comment