Posted in Հայոց պատմություն, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Պատմություն, Պատումներ, Լրագրողի անկյուն

Շենգավիթի հնավայր, Երևանի ուրարտական դամբարան

Շենգավիթի հնավայրը Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի առանցքային հուշարձաններից մեկն է։ Դեռևս 1920-ական թթ. ավելի քան 6 հա մակերեսով «Անհավատի բերդ» կոչվող հուշարձանն անխաթար վիճակում էր: Ամրոցն առաջինը հիշատակել է Երվանդ Շահազիզ։ Մասնակի ընդհատումներով 1936-1938, 1956-1983, 2000-2012 թթ. իրականացված պեղումները բացահայտել են, որ Շենգավիթը հիմնադրվել է Ք. ա. IV հազարամյակում և հարատևել ավելի քան հազար տարի։

Մարդու բնակության համար այդ վայրն ուներ մի շարք նպաստավոր պայմաններ: Հնավայրը Հրազդան գետի ձախափնյա, երեք կողմից (հյուսիսից, արևմուտքից և հարավից) կիրճերով ու ձորակներով եզերված բարձրադիր բլուր-հրվանդանի վրա էր: Միևնույն ժամանակ Շենգավիթ բնակատեղին Երևանյան գոգավորության հարավային՝ Արարատյան դաշտին հարող տարածքում էր՝ ջրի և սննդի պաշարներով հարուստ Հրազդան գետի ափին: Շրջապատված էր արոտավայրերով, արգավանդ գետահովիտներով և դաշտերով: Հրազդանը Երևանի ողջ տարածքում՝ Կարմիր բերդից մինչև ներկայիս ԱՄՆ դեսպանատան համակառույցը, հոսում է երկու կողմից բազալտե ուղղահայաց ժայռերով եզերված անձուկ կիրճով: Շենգավիթի մերձակայքում ժայռերը հեռանում են միմյանցից՝ ստեղծելով մոտ 500 մ լայնությամբ և 2500 մ երկարությամբ, շուրջ 125 հա մակերեսով ընդարձակ գետահովիտ:

Շենգավիթյան մշակույթի կարևոր բնագավառներից է եղել բրուտագործությունը: Պեղածո կավանոթների զարդարվեստը բացառիկ ճոխ է: Քիչ թե շատ կոկիկ հարդարմամբ գրեթե բոլոր կավանոթներն ունեն խորհրդավոր պատկերաքանդակներ: Չի բացառվում, որ դրանք հին պիկտոգրամաներ են, այսինքն՝ քրմերի համար եղել են կարդացվող գրեր, որոնք մենք ընկալում ենք լոկ որպես զարդանախշ: Քաղաքի կենտրոնական հատվածում հայտնաբերվել է պղնձագործի արհեստանոց: Այստեղ պեղումների ժամանակ ի հայտ է եկել շուրջ 10 կավանոթի բեկոր: Սրանց պատերը ներքուստ ունեին այրված շերտեր, պղնձի ներդրումներ ու կաթիլներ: Դրանք ամենայն հավանականությամբ առաջացել էին կավանոթի և հալված, շիկացած մետաղի շփման արդյունքում, երբ հոսուն պղինձը, որպես կիսապատրաստուկ, լցրել էին գործառությունից դուրս եկած կավանոթների մեջ:

Շենգավիթում եղել են նաև կշռի միասնական միավորներ: Հայտնաբերվել են կշռաքարեր պատրաստելու քարե և կավե կաղապար-էտալոններ: Ուշագրավ է, որ այստեղի էտալոնների կշռաչափերը համադրելի են Սիրիա-Պաղեստինյան տարածաշրջանում և Տրոյայում փաստագրված ու բրոնզի դարում միջազգային կիրառում ունեցած կշռի միավորներին: Վաղ բրոնզի դարի առևտրական հարաբերությունների մասին են վկայում նաև Ս. Սարդարյանի պեղած N 1 դամբարանում հայտնաբերված ապրանքադրամները։ Շենգավիթում փաստագրված պղնձի և հացահատիկի մեծ քանակը, կշռաքարեր պատրաստելու էտալոնները, կնիքները և ապրանքադրամները փաստում են, որ այստեղ եղել է վաճառականների դաս:

Երևանի ուրարտական (բիայնական) դամբարան

Երևանի ամենաբանուկ հատվածներից մեկի` Արշակունյաց պողոտայի տարածքում շուրջ 30 հարյուրամյակ առաջ դամբարանադաշտ է եղել։ Վանի թագավորության մեր նախնիներն այստեղ դամբարաններ էին կառուցում, ծիսական հուղարկավորություններ անում։ Այդ դամբարաններից մեկն այսօր էլ կա և գտնվում է մեզ շատ հայտնի «Երևան մոլում»։

Դամբարանի մուտքը դրսից է` առևտրի կենտրոնի հետնաբակի կողմից։ Առաջին հայացքից դա մի փոքրիկ, կոկիկ շինություն է, դեպի ցած շուրջ երկու մետր խորությամբ գետնափոր աստիճաններով։ Մուտքի երկաթյա դուռը փակված է կողպեքով։ Դրա բանալին ի պահ է հանձնված հանդերձապահ կանանց, որոնք այցելուների ցանկության դեպքում բացում են դուռն ու ուղեկցում դեպի Վանի թագավորության հավատալիքների աշխարհ։

Հատակի սալաքարերից մեկի տակ, պարզվում է, եղել է դամբարանի գաղտնարանը։

Դամբարանի պատերն այսօր էլ դեռ կրում են խորհրդային արդյունաբերական թափոնների անջնջելի հետքերը։ Բայց դա թերևս նոր ժամանակների միակ բացասական ազդեցությունն է հնագույն կառույցի վրա։ Մնացած ամեն ինչն այստեղ այնպես է, ինչպես կառուցվել է 3000 տարի առաջ։ Հետաքրքիր մի փաստ ևս. դամբարանում հայտնաբերվեցին նաև կանացի իրեր`ձեռագործի պարագաներ, զարդեր` հիմնականում ագաթից ու սերդոլիտից, պատկերազարդ գոտի, ապարանջաններ, որոնք վկայում էին, որ հուղարկավորված հինգ անձանցից մեկը կին է, որը հավասար իրավունքներով հուղարկավորվել է տղամարդկանց հետ նույն սրահում, ինչը փաստում է Վանի թագավորությունում կնոջ բարձր վարքի ու իրավունքների մասին։

Հնագույն դամբարանն այսօր բաց է, դրա մուտքն անվճար է բոլոր այցելուների համար, բայց աշխատակիցները ցավով են նշում, որ հիմնական այցելուները կա՛մ դրա մասին տեղյակ մասնագետներն են, կա՛մ տուրիստական խմբերը։ «Երևան մոլ» այցելող քաղաքացիներն այստեղ հազվադեպ են լինում։ Այս տարածքում ժամանակին մի ամբողջ դամբարանադաշտ է եղել, որը, սակայն, խորհրդային տարիներին իրականացված շինարարության ընթացքում ավերվել, ոչնչացվել է։

Նյութի աղբյուրը ` yhm.am և armeniasputnik.am կայքերից։

Leave a comment